ՀեռանկարներՍարքեր և ծրագրեր

ԲրաշԱփ (ATAM) – հայկական ստարտափ, որում միքսվել են ատամների հիգիենան և տեխնոլոգիաները

ATAM-ը, որի սկզբնական նախագծային անվանումը BrushUp էր (ԲրաշԱփ) ունիվերսալ ուսուցանող սարք է, որն ամրացվում է ցանկացած ատամի խոզանակի և ուղղորդում օգտագործողին ավելի ճիշտ խնամել ատամները։ ATAM-ն ունի 2 բաղադրիչ, որոնցից առաջինը ամրանում է ատամի խոզանակի բռնակին, մյուսը բջջային հավելված է, որը տեղակայվում է սմարտֆոնում։ Այս երկու միավորները կապի մեջ են միմյանց հետ, սակայն կարող են գործածվել նաև բոլորովին անկախ։ Ատամների մաքրման սխալ տեխնիկա կիրառելիս սարքը ձայնային ազդանշանի միջոցով կզգուշացնի և զերծ կպահի անցանկալի հետևանքներից։ Այսպիսով, օգտագործողների մոտ կձևավորվի ատամների ճիշտ խնամքի ռեֆլեքս:

ATAM-ը (սկզբնապես՝ BrushUp) նախատեսված է բոլորի համար, բայց օգտագործողների մեջ որպես առաջնային օղակ համարվում են երեխաները:

ATAM-ի բջջային հավելվածի միջոցով հնարավոր է արդիականացնել կամ ավելացնել սարքի ֆունկցիոնալությունը, օրինակ, սարքում ավելացնել ատամները լվանալու տևողության հաշվիչ, որով ճշգրիտ ժամանակ կտրամադրվի ատամնաշարի յուրաքանչյուր կողմի լվացմանը: Հավելվածը կարելի է օգտագործել նաև որպես երեխաներին մոտիվացնող միջոց, օրինակ, գործող բոնուսային համակարգերի օգնությամբ (առանց բացթողումների ամենօրյա ատամների խնամքը, ամենաքիչ սխալները և այլն): 

Գաղափարից մինչև ստարտափ

Գաղափարն իրականացնող թիմի անդամներից Հասմիկ Մանուկյանը նշում է, որ ԲրաշԱփ սարքի ստեղծման գաղափարը շատ անսպասելի սկիզբ է ունեցել։

Այս տարի գարնանը մասնակցում էի Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված ձեռներեցության դասընթացին։ Դասերից մեկի ժամանակ մեզ բաժանվեցին թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշված էին կոնկրետ ապրանքներ և մենք պետք է նոր գործառույթներ մտածեինք ապրանքների համար, որոնց շնորհիվ գնորդները նախընտրությունը կտային մեր առաջարկած ապրանքին: Խմբերից մեկին բաժին էր ընկել ատամի խոզանակ, և նրանք, որպես նոր գործառույթ, առաջարկեցին խոզանակը դարձնել էկո: Ելնելով իմ փորձից՝ ես հասկացա, որ շատերին չէր գրավի այդ առաջարկը և հենց այդ պահին իմ մոտ միտք հղացավ ստեղծել մի խոզանակ, որը ձայնային ազդանշան կարձակի ատամների լվացման սխալ տեխնիկա կիրառելիս, — պատմում է Հասմիկը։

Գաղափարի իրականացման հիմքում առավել կարևոր մասը հանդիսանում էր տեխնիկական մասը։ Ծրագրի ավարտի օրը Հասմիկը խորհուրդ է հարցնում Աննայից և Արամից (նրանք միասին սովորում էին նույն ծրագրի շրջանակում և այնտեղ էլ ծանոթացել էին), թե արդյոք այդ միտքը հնարավոր է կյանքի կոչել: Գաղափարը նրանց շատ դուր եկավ, և Աննան որոշեց տեխնիկական մասի վերաբերյալ հարցնել իր հայրիկին, ով ինժեներ է։


Մեր ամենահետաքրքիր թարմացումները մենք ուղարկում ենք էլփոստով։

Ստացեք շաբաթական ☑ մեկ թարմացում՝ բաժանորդագրվելով մեզ այստեղ

 

 


Աննան, հայրիկից պարզելով, որ գաղափարը տեխնիկապես իրագործելի է, հավանություն է տալիս և առաջարկում պատրաստել ոչ թե խոզանակ, այլ մի սարք, որն ունիվերսալ կլինի բոլոր խոզանակների համար։ Արամի խորհրդով գաղափարը ներկայացվում է Buissup հաքաթոնների նախագծին, որի գրանցմանը հաշված օրեր էին մնացել: Հաքաթոնի ընթացքում թիմը ծանոթանում է նոր ինժեների՝ Վանիկի հետ, ով մեկ գիշերվա ընթացքում պատրաստում է սարքի նախատիպը։

ATAM-ԲրաշԱփի թիմը

Գաղափարի վրա մեծ խանդավառությամբ աշխատում են բժիշկ ստոմատոլոգ/օրթոդոնտ՝ Հասմիկ Մանուկյանը, 2 փորձառու (10+ տարի) ծրագրավորող՝ Աննա Մալխասյանը և Արամ Գևորգյանը, ինժեներ՝ Վանիկ Տիգրանյանը, ով հաքաթոնից մի քանի օր անց արդեն անցավ ծառայության, սակայն պահպանեց իր մշտական ավագ ինժեների պաշտոնը ապագա ստարտափում։

BrushUp Startup team, Armenia

BrushUp ստարտափի թիմը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, 2022 հուլիս։


ԲրաշԱփի առաջին քայլերը

Գաղափարն իր առաջին քայլերը արեց Հայ գործարարների միության կողմից կազմակերպված Buissup Hackathon-ի ժամանակ:

Արամի առաջարկով որոշեցինք մասնակցել Buissup հաքաթոնին: Շատ ոգևորված էինք մեր գաղափարով, բայց ինչպես բոլոր գրքերում կամ կինոներում, մենք ևս ունեինք մեր բայցը՝ մենք չունեինք ինժեներ, նշում է Հասմիկը։ 

Չնայած այս բայցին, միևնույն է թիմը որոշում է մասնակցել՝ հույսով, որ հաքաթոնի ժամանակ նրանց թիմը կհամալրվի, ու հենց այդպես էլ եղավ։ Թիմին միացավ Վանիկը։

Թիմին հաքաթոնի ժամանակ միացած Վանիկը վառվեց մեր գաղափարով և մի գիշերվա ընթացքում ստեղծեց նախատիպը:

Ոգևորված արդյունքով՝ պատրաստվեցինք ելույթին և սկսեցինք անհամբեր սպասել մեր հերթին: Սպասումը բարդ էր, 28 թիմերի մեջ մենք նախավերջինն էինք: Եվ որքան շատ ելույթներ էինք լսում, այնքան հաղթանակի հույսը մարում էր. արժանի թիմերը շատ-շատ էին, — պատմում է Աննան։


Հետևեք մեր թարմացումներին Twitter-ում և LinkedIn-ում

Twitterhttps://twitter.com/intechexpress
LinkedInhttps://www.linkedin.com/company/intechexpress


Թիմի հույսը վերջնականապես կնքում է իր վախճանը, երբ նրանց ելույթից ու նախատիպի ցուցադրումից հետո  ժյուրին ասաց, որ նրանց հարց չունի:

Մինչ, արդեն հաստատակամորեն պարտված, մշուշի մեջ փորձում էինք հասկանալ, թե ինչ անել հաջորդ քայլը, արդյունքներին սպասելու ժամանակը հատեց և հայտարարեցին հաղթող թիմին: Չենք կարող նկարագրել մեր զարմանքն ու ուրախությունը, երբ հաղթող հայտարարվեց մեր թիմը, — պատմում է Աննան։

Ապագան՝ մոտ ապագայում

ԲրաշԱփ գաղափարի թիմը՝ Buissup հաքաթոնի հաղթող

ԲրաշԱփ գաղափարի թիմը՝ Buissup հաքաթոնի հաղթող


Մեր հաղթանակը մեզ նվիրեց Buissup Գլոբալ Ֆորումին մասնակցություն, ինչն էլ անմիջապես դարձավ մեր մոտակա ապագայի պլանը: Անպայման մասնակցելու ենք, բայց հուսով ենք արդեն մեր արտադրանքի (սարք + հավելված) առաջին նախնական տարբերակով (եթե հասցնենք): Նաև ուզում ենք հնարավորինս տարածել մեր արտադրանքը ու հասկանալ պահանջարկն ու շուկան:

Մեծ պլաններ ունենք դուրս գալ գլոբալ շուկա, հիմնել Հայաստանում մասսայական արտադրություն և բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը արտադրության ոլորտում նույնպես: Երազում ենք, որ Made In Armenia-ն դառնա ինովացիայի և որակի չափանիշ:
— Արամ Գևորգյան

Մենք դեռ չենք հասել մեր երազանքին, բայց չենք կանգնելու: Ու համոզված ենք, որ եթե չկանգնենք՝ կստացվի 🙂
Աննա Մալխասյան

BrushUp-ի գաղափարին օգտակար լինել կարող եք նախագծի պրելանչ էջում այստեղ


Photo by R ARCHITECTURE on Unsplash

— Advertisement on InTech.am —

 

About author

Vardan Papikyan is the editor and author in InTech.am tech magazine. Vardan is managing various web projects and affiliated with a few startups. He's passionate with blogging and photography.
Worth reading...
Ապագայի նախատիպը Նոյեմբերյանում