ՀեռանկարներԲիզնես

Ունիվեր – նոր տեխնոլոգիական և բիզնես հաբ Վանաձորում

Ունիվեր – Վանաձորի խորհրդանշական վայրը կարող է տեխնոլոգիական և բիզնես հաբ դառնալ։

Ի՞նչ է Ունիվերը

Ունիվեր անվանումն ընտրվել է հաշվի առնելով սովորույթի ուժը, քանի որ, որպես կանոն, հին կառույցները հանրության մոտ ունեն վաղուց ձևավորված անվանումներ և դրանք բավականին դժվար են փոխվում, նույնիսկ կառույցի գործառույթների ամբողջական փոփոխության դեպքում։ Ուստի, քանի որ խոսքը Վանաձորում ժամանակին հայտնի հանրախանութի շենքի մասին է, որը վանաձորցիներն անվանում են «կլոր ունիվերմագ», նախագծի հեղինակները ընտրել են «Ունիվեր» տարբերակը։ Ունիվերն այս դեպքում իր մեջ կրում է՝ «ունիվերսալ» ու նաև անգլերենով համալսարան բառի խոսակցական տարբերակի՝ «univer» իմաստները՝ խորհրդանշելով կառույցի բազմաֆունկցիոնալ, կրթական ու համալիր բնույթը։

— Ասում են վանաձորցիները շատ են սիրում իրենց քաղաքը, ես բացառություն չեմ, սակայն սիրելուց բացի, փորձում եմ նաև այդ սերը դրսևորել նմանատիպ նախագծերի իրականացման միջոցով, որի համար պատրաստ եմ ներդնել ողջ գիտելիքներս, փորձս և իմ ունեցած անձնական ու մասնագիտական կապերը։ Նախագծի հաջողության մեջ որևէ կասկած չունեմ, քանի որ հաշվի են առնված բոլոր հանգամանքներն ու իրողությունները։

Քրիստ Մարուքյան, Ունիվեր նախագծի հեղինակ

Ունիվերն իր հարկի տակ հյուրընկալելու է ՏՏ ընկերությունների մարզային գրասենյակներ, կոնֆերանսային և թրեյնինգային տարածքներ, նկուղային հարկում՝ մարզասրահ և այլ օժանդակ կառույցներ, հյուրանոցային համարներ՝ հյուսիսային թևի մասնաշենքում, ինչպես նաև բացօթյա և փակ սրճարանային ու ռեստորանային տարածքներ տանիքի վրա։ Տանիքի այս լուծումը յուրօրինակ գրավչություն կունենա, քանի որ այնտեղից բացվում է հրաշալի համայնապատկեր դեպի վանաձորյան քաղաքային տեսարաններ և իհարկե դեպի Վանաձորը գրկող՝ Գուգարքի և Փամբակի լեռնաշղթաներ։

Կառույցը Վանաձորի քաղաքային դիմագծի կարևոր խորհրդանշական կետերից է և դրան նոր շունչ հաղորդելը լուրջ փոփոխություն է բերելու ընդհանուր միջավայրի համար նույնպես։

Ունիվեր Վանաձոր

Վանաձորի նախկին Ունիվերմագի կառույցը Վանաձորի քաղաքային դիմագծի կարևոր խորհրդանշական կետերից է և դրան նոր շունչ հաղորդելը լուրջ փոփոխություն է բերելու ընդհանուր միջավայրի համար։


Վանաձորի Ունիվեր նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 4.1 մլն ԱՄՆ դոլար, ներդրման նվազագույն շեմը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներդրումից հետո մինչև գործարկումն ընկած աշխատանքները կտևեն մինչև 8 ամիս։ Շահութաբերության մարժան (EBITDA) կազմում է 25%, իսկ հետգնման ժամկետը՝ 7 տարի։ Ամբողջական ներդրման դիմաց առաջարկվում է 60% բաժնեմաս ընկերությունում, որը նաև հնարավոր է բանակցել այլ հանգամանքների առկայության դեպքում։

Ինչպե՞ս է ծագել Ունիվեր գաղափարը

Գաղափարի ծագման հիմքում ընկած են Վանաձորի իրական ներուժն օգտագործելու, մարդկային կապիտալի զարգացման և ինքնադրսևորման հնարավորություններ ստեղծելու, Երևանում գործող ՏՏ ընկերությունների դեպի մարզեր ընդլայնման տարբերակներ առաջարկելու և, իհարկե, Վանաձորի կյանքում դրական փոփոխություններ բերելու հիմնավոր դրդապատճառներ։ Տարիներ շարունակ Վանաձորը ներգրավված չի եղել ներդրումային ծրագրերում, հավուր պատշաճի չի օգտագործվել քաղաքի աշխարհագրական դիրքը՝ որպես հյուսիս-հարավ (Հայաստան-Վրաստան), արևմուտք-արևելք (Շիարկի և Տավուշի մարզեր) կապուղիների հանգույց, արդյունաբերական ժառանգությունն ու քաղաքային միջավայրը։

Univer technology and business center in Vanadzor

Ունիվերը քաղաքի համար դառնալու է այն շարժիչ ուժը, որով Վանաձորը հայտ է ներկայացնելու որպես ներդրումների հաջորդ ուղղություն։


Նախագծի հեղինակները Ունիվերի միջոցով հայտ են ներկայացնում՝ Վանաձորը ներդրումների հաջորդ ուղղություն դարձնելու համար, քանի որ վերը նշված դրդապատճառների տակ կան լուրջ ֆինանսական հաշվարկներ, շահութաբերություն և տնտեսական գրավչություն, ի հավելումն սոցիալական բաղադրիչի։ Գաղափարի իրատեսականությունը հիմնավորվել է նաև ոլորտում գործող ընկերությունների հետ անմիջական քննարկումների և առկա խնդիրների ուսումնասիրության արդյունքում։

Ի՞նչ խնդիրներ է լուծելու Ունիվեր նախագիծը

Նախագծի իրականացման արդյունքում հնարավոր կլինի որաշակիորեն զսպել երիտասարդ կադրերի արտահոսքը դեպի մայրաքաղաք, միևնույն ժամանակ հնարավորություն տալով երևանաբնակ մասնագետներին տեղափոխվել ավելի հանգիստ և բարենպաստ միջավայր, պահպանելով իրենց կենսամակարդակը։ ՏՏ ընկերությունները հնարավորություն կունենան մեծացնելու իրենց մարզային թիմերը՝ շնորհիվ ավելի մատչելի, բայց նաև որևէ կերպ չզիջող պայմանների։ Ունիվերը Վանաձորին կտա նաև զբոսաշրջային գրավչություն՝ հաշվի առնելով շինության տեղակայումը և գեղատեսիլ համայնապատկերներով տանիքի սրճարանային ու ռեստորանային հատվածները։ Ունիվերի գրասենյակային տարածքները, ըստ նախնական հաշվարկների, կունենան ընդհանուր առմամբ մինչև 800 մարդ տարողություն, իսկ, հաշվի առնելով այդ աշխատակիցների կրթական ու մասնագիտական ցենզը, նրանց կրած մշակույթը, կարելի է պնդել, որ նրանց ներկայությունը բացառապես դրական փոփոխություն կբերի միջավայրում։ 

Կոնֆերանսային ու թրեյնինգային հատվածները հիմնականում կօգտագործվեն կրթական նպատակներով՝ սեմինարների, դասընթացների, համաժողովների և հետաքրքիր հանդիպումների համար, որոնք ևս միտված կլինեն մասնագիտական զարգացմանը ու գիտելիքի փոխանցմանը։ 

Հյուրանոցային սենյակները հիմնականում կծառայեն գործուղումներով Վանաձորում գտնվող մասնագետների, սեմինարների, դասընթացների և համաժողովների մասնակիցների կամ խոսնակների համար՝ ապահովելով սպասարկման համապատասխան մակարդակ։

Ինֆրաստրուկտուրային զարգացումներ Վանաձորում և տարածաշրջանում

Ունիվերը Վանաձոր քաղաքի համար դառնալու է այն շարժիչ ուժը, որով Վանաձորը հայտ է ներկայացնելու որպես ներդրումների հաջորդ ուղղություն։ Այն իր հետ կբերի հետաքրքրություն քաղաքի նկատմամբ ընդհանուր առմամբ, և մասնավորապես՝ բնակարանաշինության, հյուրընկալության և ներդրումային այլ նախագծերի համար։ Տեղակայված ընկերություններն իրենց հետ կբերեն նոր մարդկանց և կառույցների հոսք, որոնք իրենց հերթին նոր նախագծերի հնարավորություններ կտեսնեն քաղաքում՝ բացահայտելով առկա ներուժը։

Vanadzor, Armenia

Ունիվերի իրականացմամբ հնարավոր կլինի զարգացման ծրագրերի ուշադրությունը սևեռել նաև բուն քաղաքի՝ Վանաձորի վրա:


Տարիներ շարունակ Լոռու մարզում իրականացվող ծրագրերը թիրախավորել են գյուղական համայնքները՝ ներառելով կրթական, զբոսաշրջային կամ այլ նախագծեր։ Ունիվերի իրականացմամբ հնարավոր կլինի զարգացման ծրագրերի ուշադրությունը սևեռել նաև բուն քաղաքի վրա՝ Վանաձորի, որպես Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքի, դերն ու նշանակությունը տարածաշրջանում վերագնահատելու իմաստով։

Ունիվերի գաղափարն ու դրա իրականացնողները

Գաղափարի հեղինակը Քրիստ Մարուքյանն է, «Գրանդ Լոռի» ընկերության տնօրենը, ով բնիկ վանաձորցի է, կառավարման և նախագծերի իրականացման մասնագետ է, ունի ավելի քան 20 տարվա հաջողված փորձ, որը կրկին փորձում է ծառայեցնել հայրենի քաղաքի զարգացմանը։ 

Ունիվերին նոր տեսք հաղորդելու գործում ներգրավված է ճարտարապետ Տիգրան Գալստյանը, ով ևս վանաձորցի է, սակայն ունի մի շարք հաջողությամբ իրականացված ճարտարապետական նախագծեր Հայաստանով մեկ։

Նախագծի ֆինանսական մասի պատասխանատուն Պետո Կարապետյանն է՝ տնտեսագետ, ֆինանսիստ և հարուստ տեսական ու գործնական գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետ։  

Հիմնական թիմից բացի, նախագծի հեղինակը վերջին 4 ամիսների ընթացքում ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ՏՏ ընկերությունների հիմնադիրների և ղեկավարների, նմանատիպ նախագծեր իրականացնող գործարարների, ճարտարապետների, անշարժ գույքի կառավարման շուկայի մասնագետների, ներդրողների և ներդրումային ընկերությունների, պետական և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս բոլոր հանդիպումների ու քննարկումների արդյունքում նախագիծը հղկվել ու ստացել է այն տեսքը, որով այժմ ներկայացվում է հանրությանը և պոտենցիալ ներդրողներին։

Ներդրումների ներգրավում

Բացի անհատական ներկայացումներից, նախագիծն սույն թվականի հուլիսի 19-ին ներկայացվել է investin.am հարթակում, որը կամրջում է ներդրումային առաջարկները Հայաստանում 1000+ պոտենցիալ ներդրողների հետ, ինչպես նաև ներկայացնում Հայաստանից արտահանվող ապրանքները 100+ երկրներում գործող ներմուծողներին: Հարթակը ստեղծվել է Ինվեսթ ին ԷյԷմ ՓԲԸ-ի կողմից, որի բաժնետերերն 11 տարբեր երկրներից են, իսկ հիմնական բաժնետերերն են` Հովսեփ Պատվականյանը և Արամ Կայֆաջյանը Հայաստանից: Ընկերությունը տրամադրում է բիզնեսին վերաբերող համապարփակ խորհրդատվական ծառայություններ`բիզնես գործարկելուց մինչև բիզնես պլանների մշակում և իրագործում:

«Գրանդ Լոռի» ընկերությունը ստանձնել է Վանաձորի ներդրումային ներուժը բարձրորակ և մասնագիտորեն մշակված նախագծերի միջոցով ներկայացնելու առաքելությունը։ Առաջիկայում կհրապարակվեն ևս մի քանի նախագծեր, որոնց ուղղությամբ այժմ տարվում են աշխատանքներ։

 

— Advertisement on InTech.am —

 

About author

Vardan Papikyan is the editor and author in InTech.am tech magazine. Vardan is managing various web projects and affiliated with a few startups. He's passionate with blogging and photography.
Worth reading...
What To Wear – Հայաստանում ստեղծված արհեստական ինտելեկտով անձնական ոճաբան