Հայաստան հայ-թեքՀեռանկարներ

STARMUS փառատոն – գիտության և տեխնոլոգիաների մեգատոն Հայաստանում

Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ եւ երաժշտություն. Սթարմուսը ներկայացնում է
Հայաստանում անցկացվելիք համաշխարհային փառատոնի ծրագիրը:

Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում անցկացվեց մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք՝ միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու գլոբալ միջոցառումները։

STARMUS 6 Festival in Armenia 2022

STARMUS 6 Festival in Armenia 2022


STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գինտականների ու աստղերի։

Մամուլի ասուլիսը կրում էր ոչ սովորական ձեւաչափ՝ հիմնական բանախոսը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը, հեռավար միացումով հյուրընկալել էր STARMUS խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին (David Eicher, Board member), Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին (Edvard Moser, Nobel laureate, Neuroscientist) եւ երաժիշտ Դերեկ Շերինյանին, հնչեցին Բրայան Մեյի եւ Սերժ Թանկյանի ուղերձները։

«Ցանկանում եմ նշել, որ ուրախությամբ մասնակցել եմ վերջին 7 տարիների բոլոր STARMUS փառատոններին եւ մեծ բավականություն ստացել։ Սիրով սպասում եմ Հայաստանում անցիս, ուր կխոսեմ ուղեղի աշխատանքի եւ երաժշտության կապի մասին։ ՈՒրախ եմ մասը կազմելու մտքի ու երաժշտության միաձուլման յուրօրինակ միջոցառումներին եւ կիսվելու փորձով հանրության լայն շրջանակների հետ»,—նշեց Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերը ուղիղ տեսազանգի ընթացքում։

STARMUS Festival 2022 press conference in Yerevan

STARMUS Festival 2022 press conference in Yerevan


«STARMUS-ի շատ խոսնակների ջանքերի շնորհիվ է, որ այսօր պատկերացնում ենք մեր տեղը տիեզերքում եւ ոգեշնչում մարդկանց նորանոր ուսումնասիրությունների։ Մենք ոչ միայն աստղագիտության եւ աստղաֆիզիկայի, մոլորակների ուսումնասիրության ոսկե դարաշրջանում ենք ապրում, այլ՝ ահռելի թվով նոր հայտնագործությունների ականատեսն ենք։ Այսօր ավելի քան երբեւէ հեշտ է երկնային տարբեր երեւույթների սեփական լուսանկարներն ունենալ. այս մասին մանրամասն կխոսենք աստղալուսանկարչական դպրոցի շրջանակներում, որը կանցկացվի STARMUS VI փառատոնի շրջանակներում սեպտեմբերին»,— մատնանշեց STARMUS խորհրդի անդամ Դեյվիդ Այքերը։

«Շատ ոգեւորված եմ STARMUS-ի մասը կազմելու համար։ Պատրաստվում եմ 3 օր առանձին ելույթներով հանդես գալ Սայմըն Ֆիլիպսի, Ռիկ Ֆիերաբրաչիի եւ Տիգրան Համասյանի հետ։ Այսպիսով շատ բազմազան ու որակյալ երաժշտություն ենք ներկայացնելու Երեւանում եւ անհամբեր սպասում եմ այցիս Հայաստան»,—նշեց անվանի երաժիշտ Դերեկ Շերինյանը։

STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյն իր տեսաուղերձում նշեց, որ համոզված է՝ Հայաստանում փառատոնը մեծ հաջողություն է ունենալու, եւ անկրկնելի տպավորություններ կպարգեւի բոլոր մասնակիցներին։ Սերժ Թանկյանը հրավիրեց բոլորին մասնակցելու եւ վայելելու բարձրակարգ երաժշտության ու գիտության օրերն իր մասնակցկությամբ Հայաստանում սեպտեմբերին, բաց չթողնելու այս բացառիկ հնարավորությունը։

Գարիկ Իսրաելյանը ներկայացրեց Հիմնական ծրագիրը, որը հանդիսանում է ավանդական Սթարմուսյան փառատոնի մաս:

STARMUS 6 ծրագրի բոլոր միջոցառումները

Կոնֆերանս «Բացահայտիր տիեզերքը եւ փոխիր աշխարհը» (Discover the cosmos and change the world), որն անց է կացվելու Մարզահամերգային համալիրի տարածքում եւ ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն։

Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»։

«108 րոպե Կլոր-սեղան քննարկում» – Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ։

Սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի եւ տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակներում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։

Սթարմուս 6 Հայաստանում

Սթարմուս 6 փառատոնը տեղի կունենա 2022-ի սեպտեմբերի 5-10-ին Հայաստանում


Ներկայացվեցին նաեւ ոչ պակաս կարեւոր եւ ծրագրի մաս կազմող հավելյալ միջոցառումները, որոնք ամենատարբեր ձեւաչափերով մշակվել են հատուկ հայաստանյան փառատոնի համար՝

Գիտության ճամբար՝ Science Camp, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձեւաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ Աստղաֆիզիկա, Լազերային ֆիզիկա, Դրոններ, Ռոբոտաշինություն, Արհեստական բանականություն, ԱգրոՏեխ, Միջուկային էներգիա, Համաճարակաբանություն, Երկրաշարժի ուսումնասիրություններ, Կապույտ կանաչ մոլորակ, Աստղադիտակներ, Կենդանաբանություն եւ բուսաբանություն, Աջակցող տեխնոլոգիաներ, Տիեզերական եւ արհեստական արբանյակներ թեմաների շուրջ։
Ակնկալվում է շուրջ 100,000 այցելուի մասնակցություն ինչպես Երեւանից, այնպես էլ Հայաստանի մարզերից եւ Արցախից։

Տիեզերական տեխնոլոգիաներ՝ Space Technologies երկօրյա կոնֆերանսը, որն անցկացվելու է փառատոնի շրջանակներում Մարզահամերգային համալիրում եւ ներգրավելու է շուրջ 20 համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների, այդ թվում՝ տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։

Ծրագիր հայաստանյան բուհերի մասնակցությամբ՝ կարեւոր միջոցառումների շարք է, որն իրականացվելու է գործընկեր բուհերի հետ համագործակցության շրջանակներում եւ հնարավորություն է ընձեռելու ուսանողներին իրենց մայր բուհերում ունկնդրելու մեծանուն եւ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների՝ Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Հայաստանի Ամերիկյան Համալսարան։

Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են այլ՝ ոչ պակաս գունեղ միջոցառումներ ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում՝ հայաստանյան մի շարք կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ (Children of Armenia Fund, COAF), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնTUMO), Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամ (Enterprise Incubator Foundation, EIF), «ԱՅԲ» կրթական հիմնադրամ (Ayb Educational Foundation), Դասավանդիր Հայաստան (Teach for Armenia), Ա. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա, հետազոտական եւ զարգացման ինստիտուտ (A.I. Alikhanyan National Science Laboratory (Yerevan Physics Institute) Foundation)։ Ձեւաչափից կախված՝ նշված կառույցներն իրենց հարկի տակ կհյուրընկալեն աշխարհահռչակ գիտնականների ու խոսնակների, արտիստների ու երաժիշտների։ Մի շարք
կառույցների հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են եւ այս ցուցակը մոտ ապագայում համալրվելու է։

STARMUS VI Armenia press conference

STARMUS VI Armenia press conference


«Մեզ համար շատ կարեւոր է առավելագույնս հասանելի դարձնել փառատոնը երիտասարդությանն ու հասարակության ամենալայն շրջանակներին, եւ ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավոր նվազագույն մատչելի գին՝ 25,000 ՀՀ դրամ մասնակիցների եւ 20,000 ՀՀ դրամ ուսանողների համար, ընդ որում՝ դասախոսությունների չորս օրերի մասնակցության համար»,— նշել է STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։

STARMUS-ի ձեւաչափը ունիկալ է նրանով, որ հանրայնացնում եւ երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ՝ ոգեշչելով նոր հետազոտությունների ու հայտնագործությունների։

Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne), Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարեւիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

Մասնակից բոլոր խոսնակների եւ արտիստների անունները ներկայացված են փառատոնի պաշտոնական կայքում՝ https://www.starmus.com/Armenia եւ պարբերաբար համալրվում են նոր անուններով։ STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձեւաչափեր, մեկտեղել գիտությունն ու արվեստը, ոգեշնչել նոր հայտնագործությունների։

Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների: STARMUS VI փառատոնի ամբողջական ծրագրին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական՝ https://www.starmus.com/Armenia էջից։

STARMUS VI փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից եւ միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի եւ լեգենդար Queen խմբի
կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

  • Սթարմուս VI-ի մասին՝ https://www.starmus.com/Armenia
  • Facebook: https://www.facebook.com/StarmusArmenia
  • Twitter: https://twitter.com/StarmusArmenia
  • Instagram: https://www.instagram.com/starmus/
  • LinkedIn: https://www.linkedin.com/company/starmus-festival
  • Սթարմուսի մասին՝ https://starmus.com/
  • Յութուբյան էջ՝ https://www.youtube.com/user/starmusfest

— Advertisement on InTech.am —

 

About author

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.
Worth reading...
Որո՞նք են ամենապահանջված ՏՏ մասնագիտությունները Հայաստանում