Հայաստանում կայանալիք WCIT Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում համաձայնագիր է ստորագրվել Ֆասթեքսի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև: Միջոցառումը տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի 4-7-ը:
Համագործակցության արդյունքում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի WCIT 2024/DigiTec-ը: Զուգահեռաբար «Մերիդիան» էքսպոկենտրոնում կբացվի «Դիջիթեք 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը:
WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ միջոցառումը կներկայացնի առաջատար բովանդակություն և խոսնակներ՝ դառնալով նշանակալի ձեռքբերում Հայաստանի համար:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին UATE-ի նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT2024/DigiTec-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը:
Վահագն Բադալյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը Հայաստանի համար՝ որպես հնարավորություն ցուցադրելու երկրի ներուժը նորարարությունների ոլորտում:
Ալեքսանդր Եսայանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանի տեխնոլոգիական և նորարարական կենտրոն:
Համագործակցության նպատակն է ընդգծել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարևորությունը և նպաստել մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանը:
WCIT2024/DigiTec-ը կանցկացվի «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո: Միջոցառման ընթացքում կլինեն ելույթներ, քննարկումներ, B2B հանդիպումներ և WITSA World Cup ստարտափների մրցույթ: