.NET գիտելիքների մրցում – այսպես են նկարագրում ԴոթՆեթ Մարաթոն միջոցառման կազմակերպիչները, որն առաջին անգամ այս տարի տեղի կունենա Երևանում, Սլավոնական համալսարանում՝ 2022թ․ հոկտեմբերի 23-ին, սկիզբը՝ 10։00։
ԴոթՆեթ Մարաթոնի (.NET Marathon) ընթացքում նախատեսվում են անհատ ծրագրավորողների միջև մրցումներ, խոսնակների կողմից ելույթներ, աշխատանքի տոնավաճառ և այլն։
Ինչպիսին է լինելու ԴոթՆեթական միջոցառման կարգը․ մասնակիցները, գրանցվելով միջոցառմանը, ստանում են իրենց եզակի նույնականացնող կոդ, որով էլ մասնակցելու են մրցմանը: Մրցումը բաղկացած է լինելու մի քանի մասից, որոնք ընդմիջվելու են ելույթներով կամ այլ հետաքրքիր միջոցառումներով: Սկզբում, սահմանված ժամին, կլինի ընդհանուր .NET-ի թեմայով մրցումը։ Այնուհետև նախապես սահմանված ժամերին կլինեն արդեն հատուկ տեխնոլոգիաներին առնչվող մրցումները (ASP.NET, WPF, Xamarin և այլն)։ Մարաթոնի մասնակիցները իրենք են ընտրելու, թե որին են ցանկանում մասնակցել։
Ընդմիջումների ժամանակ մասնակիցները կկարողանան նաև մասնակցել աշխատանքի տոնավաճառին, քննարկել հարցերը, նոր կապեր/ծանոթություններ հաստատել և այլն: Մասնակիցների պատասխանները ստուգվելու են բացառապես ավտոմատ եղանակով, այսինքն մարդկային գործոնը բացակայում է (ժյուրի չի լինելու)։ Օրվա ավարտին կհայտարարվեն հաղթողները՝ ինչպես առանձին տեխնոլոգիաների գծով, այնպես էլ ընդհանուր՝ ամենադոթնեթագետ(ներ)ը: Իհարկե հաղթողներին սպասում են մրցանակներ:
Մեր մրցումը այլ մրցումներից տարբերվում է նաև նրանով, որ այն առավելագույնս ապակենտրոնացված է․ մեր մրցման հարցաշարի կազմմանը կարող է մասնակցել կամայական ոք, ավելին՝ լավագույն հարցերի հեղինակներին սպասում են անակնկալներ, — նշում է Աննա Մալխասյանը։
Ինչպե՞ս է ծագել .NET Մարաթոնի գաղափարը
Աննան պատմում է, որ մի անգամ զրուցելով Հայաստանի ՏՏ ընկերություններից մեկի ղեկավարի հետ, լսել է կարծիք, որ Հայաստանի առաջին 10 .NET ծրագրավորողներից 2-ը աշխատում են իր կազմակերպությունում։ Այդ պնդումը զարմացրել է Աննային, քանի որ .NET գիտելիքների չափման որևէ միջոց այդ պահին չի եղել Հայաստանում։ Իսկ եթե չկա, ինչու՞ չստեղծել, մասնավորապես, երբ ավելի խորանալով էության մեջ, պարզ է դարձել, որ երբ դպրոցական տարիքում ընտրել է ծրագրավորողի մասնագիտությունը, միակ բանը, ինչից տխրել է, այն էր, որ օլիմպիական խաղերում ծրագրավորումը ներառված չէր:
Ես շատ էի ուզում, որ ծրագրավորողների համար էլ լինեին “օլիմպիական խաղեր”, որոնց հիմնական ուղղվածությունը կլիներ ոչ թե տրամաբանության, այլ հենց մասնագիտական գիտելիքների ստուգումը: Այնպես որ հիմա այս մրցումն արդեն իրականություն է, ծրագրավորողները ևս կարող են մրցել (ամեն դեպքում .NET ծրագրավորողները), ափսոս, որ ես կազմակերպիչներից եմ ու չեմ կարող մասնակցել 🙂 Մեկնաբանում է Աննան։
Ի՞նչ խնդիրներ է լուծելու միջոցառումը
Սա մեր միջոցառման առաջին տարին է։ Խնդիրը, որ փորձում ենք լուծել գլոբալ առումով այո, տեխնոլոգիական ինդուստրիայի զարգացումն է Հայաստանում, — ասում է Աննան և ներկայացնում այն հիմնական կետերը, որոնք խթանելու է մարաթոնը՝
- անդադար սովորել, մասնագիտանալ, զարգանալ, չբավարարվել ունեցած գիտելիքներով, երբեք չկանգնել՝ մանավանդ այս տեխնոլոգիական խելահեղ փոխվող ժամանակաշրջանում
- մոտիվացիա, այն, ինչի համար մրցումները հետաքրքրություն են առաջացում
- ․NET-ի տարածում Հայաստանում, նոր հնարավորությունների կիրառելիության բարձրացում
- լավ մասնագետների ճանաչելիության բարձրացում, լավագույն մասնագետը լինելու, կատարելագործվելու ձգտման արթնացում
- ուսանողների համար աշխատանք գտնելու դյուրացում
- աշխատող-կազմակերպություն հարաբերություններ
- նոր կապեր, շփումներ
- փորձի փոխանակում
- այս փորձը կարող է նաև խթան հանդիսանալ տեխնոլոգիական այլ մարաթոնների կազմակերպման համար
Նախագծի ամենակարևոր դետալն այն է, որ մասնակիցները, նույնիսկ մասնակցելով գիտելիքների ստուգման մրցույթին, որը միտված պետք է լիներ միայն ստուգելու արդեն եղած գիտելիքները, անկասկած ստանալու են նոր գիտելիքներ։ Բացի այդ, մարաթոնի համար հարցերի հավաքագրումը ևս շատ կարևոր դետալ է՝ յուրաքանչյուր ոք, անկախ մասնակցությունից, իր փորձի ու գիտելիքների հիման վրա կարող է կազմել հարցեր մարաթոնի համար և ուղարկել կազմակերպիչներին՝ այդպիսով կիսվելով սեփական փորձով ու հետաքրքիր բացահայտումներով:
.NET marathon-ի կազմակերպիչներն ու օժանդակողները
Նեղ մասնագիտական այս միջոցառման գաղափարի իրականացման մեջ ներգրավված են Աննա Մալխասյանը և Արամ Գևորգյանը։ Կազմակերպիչները համագործակցում են տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, մասնավորապես՝ Microsoft Հայաստանի Լևոն Հովհաննիսյանի և Հայաստանի ՏՏ համայնքի հետ։
Մոտ ապագայի պլաններ
Աննան նշում է, որ իրենց պլանները շատ մեծ են։ Նախ ուզում են հաջողությամբ այս միջոցառումը անցկացնել։ Հաջողության դեպքում այն կարող է նախադրյալ հանդիսանալ մյուս ոլորտների ծրագրավորման մրցումների համար, իսկ .NET մարաթոնն անկասկած կդառնա ամենամյա միջոցառում, այն հույսով, որ մյուս տարի արդեն կկարողանան անցկացնել նաև մարզերում։ Իսկ ընդհանրապես, որպես երազանք՝ թիմն ուզում է մրցումը դարձնել համաշխարհային և արդեն համաշխարհային .NET մարաթոնի ժամանակ հայ ծրագրավորողները ճանաչվեն ամենադոթնեթագետեր։
Մենք հույս ունենք, որ մյուս տարի մեր մարաթոնը արդեն կլինի Հայաստանի այլ տեխնո միջոցառումների պես հայտնի։ Ես պատմում էի Microsoft-ի իմ մեքսիկացի գործընկերոջը մեր միջոցառման մասին, և նա միտքը շատ հավանեց ասելով, որ նման միջոցառումների պակասն ակնհայտ է, — Արամ Գևորգյան, .NET Marathon-ի կազմակերպիչ։
.NET Marathon-ը տեղի կունենա Սլավոնական համալսարանում 2022թ․ հոկտեմբերի 23-ին, սկիզբը՝ 10։00։ Միջոցառման հետ կապված տեղեկությունները հասանելի են այս էջերում՝
.NET Marathon-ի մասնակիցների գրանցումը հասանելի է այս էջում
Պաշտոնական վեբկայք՝ netmarathon.amiracle.net
Մարաթոնի էջը Ֆեյսբուքում՝ facebook.com/netmarathonarmenia
Միջոցառման էջը Ֆեյսբուքում՝ facebook.com/events/3138793286430864
Մրցույթի համար հարցերի նվիրատվություն՝ forms.gle/WKoBZCKn34HYUtEPA